Ուկրաինական պատերազմը և ԵՄ-ՌԴ հարաբերությունները ԵՄ հասարակական կարծիքում

12 ր.   |  2026-08-19

Ուկրաինական ճգնաժամը և դրա հետևանքով Արևելյան Եվրոպայում առաջացած լարվածությունը Եվրոպական միության պաշտոնական և հանրային օրակարգում առաջացրել են  գործընթացներ, որոնք վերաբերվում են հետխորհրդային ժամանակահատվածում Եվրոպայի ռազմականացման և անվտանգային հարցերի փոխակերպմանը: Եվրոպական հասարակությունը 1990-ականներից շարունակաբար զարգացել էր «հետպատմական պացիֆիզմի», սոցիալական պետության և «խաղաղության դիվիդենտների» [1] ստացման հարացույցում, սակայն ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները Եվրոպայում առաջացրել են սեփական անվտանգության հիմնադրույթները վերանայելու անհրաժեշտություն:

Ուկրաինական պատերազմը որպես ԵՄ անվտանգության սպառնալիքի ընկալում

Եվրոբարոմետրի 2026 թ. գարնանային հետազոտության տվյալները (Standard Eurobarometer 105 / Spring 2026) ցույց են տալիս, որ Ուկրաինայում ընթացող երկարատև պատերազմը և դրա բնույթը հասարակական կարծիքում ձևավորել են պատկերացում, որ այն լոկալ պատերազմ չէ։ Դրա մասին է վկայում այն, որ․

  • Եվրոպայի 27 երկրներում հարցվածների 76%-ը Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք Եվրոպական Միության անվտանգությանը (QD3.1) [2]
  • իսկ 70%-ը՝ որպես սպառնալիք իրենց երկրի ազգային անվտանգությանը (QD3.2):
  • Հարցվածների 76%-ը համարում է, որ ԵՄ-ն պետք է սատարի Ուկրաինային, քանի դեռ չի հաստատվել արդարացի և երկարատև խաղաղության (QD3.3)
  • ԵՄ բնակչության 80%-ը կողմ է, որ ԵՄ մակարդակով պաշտպանության հարցերում համագործակցությունը պետք է ընդլայնվի (QD3.4), ինչը համահունչ է Եվրոպայի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությանը [3], համաձայն որի ԵՄ առանձին երկրների պաշտպանության հարցերը պետք է փոխանցվեն ԵՄ վերին մակարդակ՝ Բրյուսել:

Այս իրավիճակը հուշում է, որ եվրոպական հասարակությունում արտաքին սպառնալիքների ընկալումը վերածվել է համաեվրոպական քաղաքական ինքնության բաղկացուցիչ տարրի։

Դրա հետևանքով այն հարցերը, որոնք նախկինում ԵՄ-ում քննարկվում էին նեղ մասնագիտացված ռազմական ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ զենքի համատեղ գնումները, եվրոպական բյուջեից երրորդ երկրներին ռազմական մատակարարումների ուղղակի ֆինանսավորումը և ԵՄ և դրա առանձին երկրների ռազմաարդյունաբերական համալիրի արտադրական հզորությունների աճը, արդեն բացահայտորեն քննարկվում են ինֆորմացիոն դաշտում։

ԵՄ հասարակական կարծիքը Ուկրաինային աջակցության վերաբերյալ

Եվրոբարոմետրի տվյալներն ցույց են տալիս, որ կախված աջակցության բնույթից եվրոպացիների դիրքորոշումներն Ուկրաինային տրամադրվող աջակցությանը էապես տարբերվում են: Դրական դիրքորոշումներն առավել բարձր են հումանիտար, ֆինանսական և ՌԴ նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության հարցերում, սակայն նշանակալիորեն ավելի ցածր են ռազմատեխնիկական աջակցության և Ուկրաինան Եվրոպային ինտեգրման քայլերի նկատմամբ (Նկար 1):

Նկար 1. Հասարակական կարծիքը Եվրոպայում Ուկրաինական հակամարտությանը ԵՄ արձագանքման միջոցառումների նկատմամբ)

Աղբյուրը՝ Eurobarometer_Standard_STD105_data_annex_en.pd։ Փակագծերում տրված են տվյալ աջակցության վերաբերյալ հետազոտության հարցաշարում համապատասխան հարցի համարները։

Նկար 1-ի տվյալները ցույց են տալիս, որ մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ սոցիալ-տնտեսական համերաշխության (ֆինանսական և հումանիտար օգնության տրամադրում, փախստականների ընդունում հակամարտության գոտուց), իսկ մյուս կողմից՝ Ուկրաինային  ռազմական և ինտեգրացիոն աջակցության (ռազմական մատակարարումների ֆինանսավորում, Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի շնորհում) միջև առկա է բավական մեծ խզում, որը կազմում է 18–23%: Եթե ֆինանսական և հումանիտար օգնության տրամադրմանը սատարում է բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 75%-ը, ապա ուղղակի ռազմական մատակարարումներին սատարում է 56%-ը: 

Ընդ որում, եվրոպացիների մոտ 40%-ը բացահայտորեն դեմ է Ուկրաինայի համար զենքի գնումների ֆինանսավորմանը, ինչը վկայում է, որ ԵՄ հասարակությունում առկա է կայուն հակապատերազմական կամ այլ խոսքերով՝ «զգուշավոր» սեգմենտ, որը խուսափում է  միջուկային տերության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից և հնարավոր ուղղակի բախման  հեռանկարից:

«Վճարել անվտանգության համար» vs. «անձամբ մասնակցել սեփական երկրի պաշտպանությանը»

Համաեվրոպական համերաշխության և ռազմականացման հարցերում արտաքինից միաձույլ կարծիքին զուգահեռ ԵՄ-ում առկա է յուրահատուկ սոցիոլոգիական երևույթ: Էմպիրիկ տվյալները ցույց են տալիս, որ եվրոպական հասարակությունում անվտանգության հարցերի տեսակետից առկա է խզում. մի կողմից՝ ԵՄ հասարակությունն աջակցում է ԵՄ պաշտպանության ոլորտի ֆինանսավորման ավելացմանը (պատրաստ է վճարել իր անվտանգության համար), իսկ մյուս կողմից՝ ցածր է պատերազմի դեպքում իր երկրի պաշտպանությանը անմիջական անձնական մասնակցության պատրաստակամությունը։ Նկար 2-ում տրված է ԵՄ տարածաշրջաններում մարդկանց դիրքորոշումները նշված երկու ոլորտներում։ 



Նկար 2. ԵՄ ռազմական բյուջեի աճին կողմ և իրենց երկիրն անձամբ զենքով պաշտպանելու պատրաստակամությունը, ԵՄ տարածաշրջաններ, 2026։

ԵՄ-ում բնակչությունը  ԵՄ ռազմական բյուջեի բարձրացման հարցում նշանակալիորեն ավելի պատրաստակամ է (65%), քան պատերազմի դեպքում իր երկիրը՝ հայրենիքը անձամբ պաշտպանելու դիրքորոշումը (41%): Խզումը  24% է։ ԵՄ տարածաշրջաններում ընդհանուր պատկերը նույնն է՝ մարդիկ ավելի հակված են վճարել անվտանգության համար, քան անձամբ մասնակցել իրենց երկրի պաշտպանությանը։ Սակայն ԵՄ տարածաշրջաններում այդ դիրքորոշումների մակարդակները էապես տարբերվում են։ 

  • Առավել պատրաստ են և՛ զենքով պաշտպանել իրենց երկիրը, և՛ վճարել անվտանգության համար Հյուսիսային Եվրոպայում և Բալթիկայում (համապատասխանաբար 54% և 70%)։ 
  • Պաշտպանությանն անձնական մասնակցության տեսակետից նրանց հակոտնյան են Արևմտյան Եվրոպայի երկրները, որտեղ այդ ցուցանիշն ամենացածրն է 33%։ Սակայն, նրանք համարյա նույնքան պատրաստ են վճարել անվտանգության համար (67%):
  • Անվտանգության համար վճարելու ամենացածր պատրաստակամությունը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում է՝ 59%: Այստեղ նույնպես ցածր է պաշտպանությանն անձամբ մասնակցելու պատրաստակամությունը՝ 38%։ 
  • Հարավային Եվրոպայում դիտարկվող ցուցանիշները մոտ են ԵՄ միջինին՝ համապատասխանաբար 63% և 41%:

Եթե ընդհանրացնենք, ապա ստացվում է, որ որքան ավելի մոտ է ԵՄ տարածաշրջանը ընթացող ռազմական գործողությունների գոտուն, այնքան, մնացած հավասար պայմաններում, ավելի բարձր է և՛ անվտանգության համար վճարելու, և՛ երկրի պաշտպանությանն անձամբ մասնակցելու դիրքորոշումը։

Դիտարկվող հարցերի վերաբերյալ ավելի մանրամասն պատկերացում է տալիս Նկար 3-ը, որտեղ պատկերված են դիտարկվող երկու ցուցանիշները ԵՄ 27 երկրներում։

Նկար 3. ԵՄ պաշտպանական ծախսերի բարձրացման աջակցությունը և երկիրը զենքով պաշտպանելու անձնական պատրաստակամությունը ԵՄ 27 երկրներում։ Երկրները տրված են միջազգային ISO 31661 alpha2 կոդավորմամբ։ 

Աղբյուրներ․ Standard Eurobarometer 105 - Spring 2026, https://europa.eu/eurobarometer/surveys/detail/3613։  Foreign Policy Research Institute (FPRI) — RSU NATO Poll., Gallup International — Willingness to Fight Survey.

Նկարը ցույց է տալիս, որ իրենց երկիրն անձամբ զենքով պաշտպանելու դիրքորոշումն ամենաբարձրն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում՝ Շվեդիայում (SE, 66%), Ֆինլանդիայում (FI, 64%), Դանիայում (DK, 60%), Բալթյան երկրներում՝ Լիտվայում (LT, 52%), ինչպես նաև այն երկրներում, որոնք ֆիզիկապես մոտ են պատերազմական գոտուն՝ Ռումինիայում (RO, 50%) և Լեհաստանում (PL, 49%)։ 

Դրանք այն երկրներն են, որտեղ պահպանվել է համընդհանուր զինապարտության մոդելը (Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Էստոնիա, Լեհաստան)։ Բացի դրանից այդ երկրներն ունեն ձևավորված քաղաքացիական մոբիլիզացիոն մշակույթ, որը պայմանավորող կարևորագույն գործոններն են.

  • Աշխարհագրական դիրքը և պատմական փորձը։ Օրինակ, Ֆինլանդիան, Էստոնիան, Լեհաստանն ունեն ՌԴ հետ երկար սահման և անկախության կորստի պատմական փորձ կամ նախադեպ։ Այդ երկրների բնակչությունը ՌԴ-ն ընկալում է որպես իրենց համար գոյաբանական վտանգ։ 
  • «Համընդհանուր պաշտպանության» կոնցեպտը։ Շվեդիայում, Ֆինլանդիայում և Էստոնիայում տասնամյակներ շարունակ ձևավորվել է այնպիսի քաղաքական մշակույթ, որի կոնտեքստում երկրի պաշտպանությունը ոչ միայն կադրային բանակի, այլև ամբողջ հասարակության և առանձին անհատի խնդիրն է։ Այս երկրներում տարածված է այն ընկալումը, որ տղամարդկանց համընդհանուր զինվորական ծառայությունը քաղաքացիական պատվավոր պարտականություն է և ազգային ինքնության տարր։
  • Վստահությունը պետական ինստիտուտներին։ Բացի դրանից, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Էստոնիայում Այդ ընկալումը զուգորդված է պետական ինստիտուտների, հատկապես՝ դատարանների նկատմամբ վստահության բարձր մակարդակով։

Երկիրը անձամբ զենքով պաշտպանելու դիրքորոշումը բարձր է նաև Հունաստանում (EL, 63%), որը աշխարհագրորեն գտնվում է Հարավային Եվրոպայում։ Այդ փաստը հավանաբար պայմանավորված է Հունաստանի և Թուրքիայի միջև հարատև և պարբերաբար սրվող հակասություններով, որոնք ունակ են վերաճելու ռազմական ընդհարման, մասնավորապես՝ Կիպրոսի շուրջ 1963-1964 թթ. և 1974 թ. ճգնաժամերը, Էգեյան ծովում նավթի արդյունահանման իրավունքի հետ կապված վեճերը՝ 1976 և 1987 թթ., Իմիա կղզու պատկանելության շուրջ ճգնաժամը՝ 1996 թ.:

Երկրի պաշտպանական պատերազմում անձնական մասնակցության ամենացածր դիրքորոշումներն առկա են Խորվաթիայում (HR, 24%), Սլովակիայում (SK, 25%), Բելգիայում (BE, 25%), Նիդերլանդներում (NL, 30%), Չեխիայում (33%), Հունգարիայում (33%): Կարևոր է նկատել, որ.

  • Իրենց երկիրն անձամբ պաշտպանելու դիրքորոշումները շատ ցածր են Եվրոպայի առաջատար երկրներում՝ Գերմանիայում (27%), Իտալիայում (25%) և Ֆրանսիայում (30%)

Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ցածր մոբիլիզացիոն մշակույթը, որի արտահայտություններից է երկիրն անձամբ զենքով պաշտպանելու դիրքորոշումը, պայմանավորված է Երկրորդ Համաշխարհային և «Սառը պատերազմի» հետևանքով տասնամյակների ընթացքում առաջացած մշակութային առանձնահատկություններով։ Մասնավորապես․

  • Մարդիկ սովորել էին, որ «Խաղաղության դիվիդենտների» ստացումը սոցիալական նորմա է։ Անվտանգությունն ընկալվում էր որպես բնական իրավիճակ, քանի որ երկրները գտնվում էին ՆԱՏՕ-ի հովանու տակ և հեռու էին պոտենցիալ հակամարտությունների գոտիներից։ Դա հանգեցրել է հայրենիքն անձամբ պաշտպանելու մոտիվացիայի խարխլմանը։  
  • Անցումը պրոֆեսիոնալ բանակի։ Գերմանիայում պարտադիր զինվորական ծառայությունը վերացվել է 2011, Ֆրանսիայում՝ 1997, Իտալիայում՝ 2005 թվականներին։ Զինվորական ծառայությունը դարձել նեղ մասնագիտական պայմանագրային աշխատանք։ Բանակն ընկալվում է որպես «պետություն՝ պետության մեջ», այն չի առնչվում բնակչության առօրյա կյանքին։ Դրա հետևանքով կտրվել է հասարակության և ռազմական պաշտպանության ոլորտի միջև ուղղակի կապը։ 
  • Զարգացած արևմտաեվրոպական երկրներում գերակայում են անձնական անվտանգության, հարմարավետության և սոցիալական բարեկեցության արժեքները։ Նրանք մարտական գործողություններին անձնական մասնակցությունը համարում են «հնի մնացուկ», որը չի համապատասխանում ժամանակակից կյանքի որակի ստանդարտներին, քանի որ այդ ֆունկցիան փոխանցված է պրոֆեսիոնալ զինվորականներին։
  • Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կազմավորվել է կայուն հակամիլիտարիստական քաղաքական մշակույթ՝ «այլևս երբեք» կարգախոսով։ Այստեղ երկար ժամանակ բացասական են պիտակավորվել հայրենասիրություն, ռազմական ծառայություն, ազգային հզորություն հասկացությունները, իսկ արտաքին քաղաքականության գերակայություններ են դարձել խաղաղասիրությունը, դիվանագիտությունը և տնտեսական ինտեգրումը։ 

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ներկայումս Գերմանիան պատրաստվում է նորից աստիճանաբար անցնել համընդհանուր զինվապարտության մոդելին, որը պայմանավորված է մի քանի գործոններով։

  • Եվրոպայում անվտանգության ճարտարապետության արմատական փոխակերպումը։ Գերմանիայում համարում են, որ տնտեսական հզորությունն ու դիվանագիտությունը այլևս անմիջականորեն չեն ապահովում անվտանգությունը, իսկ ռազմական կոնֆլիկտի պոտենցիալ վտանգն արդեն իրական է։
  • Գերմանիայի բանակում  առաջացել է սուր կադրային և մոբիլիզացիոն դեֆիցիտ։ Պայմանագրային զինծառայողների թվաքանակը և կադրային ռեզերվն անբավարար են ՆԱՏՕ-ի նկատմամբ պարտավորությունների կատարման համար։ 
  • Նախկին ռազմական հայեցակարգը՝ «բանակը արտասահմանյան առաքելությունների համար է» փոխարինվել է նորով՝ «բանակը տարածքների պաշտպանության համար է»։ Բանակին անհրաժեշտ է զինծառայողների կայուն հոսք և հզոր մոբիլիզացիոն ռեզերվ։
  • Քանի որ անմիջական անցումը նախկին զորակոչային համակարգին բախվում է ներքին քաղաքական դիմադրության և երիտասարդական անհամաձայնության դիրքորոշումներին, Գերմանիան բանակի կադրային համալրման համար ներմուծել է կոմպրոմիսային տարբերակ, որի շրջանակներում էլեկտրոնային տարբերակով հավաքագրվում են բոլոր 18 տարին լրացած քաղաքացիների առողջական տվյալներն ու բանակում ծառայելու ցանկությունը, մշակվում են բանակում ծառայության դիրքորոշումը խթանող արտոնություններ, հետագայում ենթադրվում է ներմուծել վիճակահանությամբ բանակ զորակոչելու սկզբունքը։ 

Նկարագրված իրավիճակը նշանակում է, որ ներկա իրավիճակի պահպանման դեպքում բարձր ինտենսիվության ուղղակի կոնվենցիոնալ հակամարտությունում Եվրոպական Միությունը կամ կրիտիկական կախվածության մեջ է մնալու ԱՄՆ միջուկային և ռազմական «հովանոցից», կամ պետք է պատրաստվի բացառապես տեխնոլոգիական և հեռահար պատերազմի ձևերին:

Եզրակացություններ 

ԵՄ-ՌԴ հարաբերություններ

Եվրոբարոմետրում արտահայտված սոցիոլոգիական դինամիկան վկայում է, որ Եվրոպական միության և Ռուսաստանի Դաշնության միջև առճակատումը երկարատև և կայուն գործընթաց է: ԵՄ ինֆորմացիոն քաղաքականությունը ԵՄ բնակչության 78%-ի շրջանում ձևավորել է այն համոզմունքը, որ ՌԴ-ն ԵՄ համար սպառնալիքների համակարգային աղբյուր է։ Ստեղծված պայմաններում գործում է «անվտանգության դիլեմայի» [4] դասական էֆեկտը, որը սրվում է հասարակության մեջ առկա սոցիոլոգիական պառակտմամբ.

  1. ԵՄ վերնախավերը և հասարակությունը ռազմական ծախսերի ավելացումը, զենքերի համատեղ գնումները և եվրոպական երկրների ռազմաարդյունաբերական համալիրների ինտեգրումը համարում են հարկադրված պաշտպանական միջոցներ, որոնք իրենց պատկերացումներում զսպում են ռազմական էսկալացիան։
  2. ԵՄ ռազմական ենթակառուցվածքի որակական հզորացումն ու հանրային դիսկուրսի ռազմականացումը ՌԴ-ն մեկնաբանում է որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համակարգված նախապատրաստություն երկարաժամկետ ուժային կոնֆլիկտի:

Այս դիրքորոշումները դրական հետադարձ կապով ուժեղացնում են մեկը մյուսին, փակում են դիվանագիտական երկխոսության հնարավորությունները և տանում են սպառազինությունների անկառավարելի մրցավազքի: 

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ. 

  1. Առաջացել է քաղաքական փակուղի՝ Բրյուսելի կոշտ դիրքորոշումների պայմաններում, որն ընդունելի է ԵՄ հասարակության կողմից (հասարակության 73%-ը կողմ է ՌԴ-ը նկատմամբ պատժամիջոցներին, իսկ 63%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը) ԵՄ ցանկացած երկրի կառավարության համար ՌԴ հետ խնդիրների փոխզիջումային կարգավորման ցանկացած փորձը քաղաքականապես ռիսկային է՝ Մոսկվայի հետ երկխոսության վերականգնում առաջարկող եվրոպական քաղաքական առաջնորդները բախվում են «դիրքերը հանձնելու» մեղադրանքների ռիսկերին, ինչը վերարտադրում է էսկալացիոն հռետորաբանությունը:
Հարավային Կովկաս և Հայաստան

Հարավային Կովկասի պետությունների, և առաջին հերթին Հայաստանի համար, ԵՄ – ՌԴ առճակատումը ստեղծում է աշխարհաքաղաքական ռիսկերի և հնարավորությունների բարդ համալիր, որոնք ընդհանրացված և սխեմատիկ կերպով տրված են ստորև։

  1. ԵՄ բնակչության 73%-ը կողմ է եվրոպական ապրանքների դեպի ՌԴ վերաարտահանման խիստ վերահսկողությանը և դրա խախտման համար պատժամիջոցների կիրառմանը։
    Հետևաբար ԵՄ կողմից վերաարտահանման նկատմամբ խիստ վերահսկողությունը կարող է վերածվել երկրորդային պատժամիջոցների ուղղակի ռիսկի Հայաստանի բանկային, ֆինանսական և լոգիստիկ համակարգի համար:
  2. Արտատարածաշրջանային խաղացողների ներկայությունը Հարավային Կովկասը կարող են վերածել մրցակցության հարթակի:
  3. Տարածաշրջանային խաղացողները ԵՄ ինտեգրացիոն նախաձեռնություններն ու առաքելությունները Հարավային Կովկասում ընկալում են որպես եվրոպական ազդեցության տարածման գործիք, ինչը կարող է առաջացնել հակադարձ արձագանքներ:
  4. Հաշվի առնելով բացահայտված սոցիոլոգիական պարադոքսը (ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել ռազմատեխնիկական և ֆինանսական աջակցություն, սակայն կատեգորիկ պատրաստ չէ երրորդ երկրների պաշտպանության համար ուղղակի ուժային ներգրավման), Հայաստանը չի կարող հույս դնել ԵՄ անվտանգային ռազմական երաշխիքների վրա:
    Գերադասելի է սեփական պաշտպանական պոտենցիալի ամրապնդումը և դրա համադրումը Արևմուտքի և տարածաշրջանային ավանդական գործընկերների հետ ռազմական և դիվանագիտական փոխգործակցության ուղիների հետ։

[1] «Խաղաղության դիվիդենտ»՝ տնտեսական և սոցիալական լրացուցիչ «հավելումներ», որոնք Եվրոպան ստանում էր Սառը պատերազմի ավարտից հետո՝ սկսած 1990-ականներից։ Ռազմական լարվածության և գլոբալ պատերազմի վտանգների նվազման արդյունքում եվրոպական երկրները հնարավորություն ստացան նշանակալիորեն նվազեցնել իրենց ռազմական ծախսերը, կրճատել բանակների թվակազմը, իսկ խնայված հսկայական միջոցներով զարգացնել սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքային ոլորտները, ինչպես նաև ուղղակիորեն բարձրացնել բնակչության բարեկեցության մակարդակը։

Ներկայում, ըստ էության, Եվրոպայում այդ պրոցեսն ավարտվել է։ Եվրոպական երկրները ստիպված են արդեն ֆինանսական ռեսուրսներն ուղղել ռազմական արդյունաբերությանը։

[2] Հետազոտության բոլոր տվյալների սկզբնաղբյուրները տես՝ Standard Eurobarometer 105 - Spring 2026, https://europa.eu/eurobarometer/surveys/detail/3613։ Տեքստում ամենուր փակագծերում տրված են տվյալ կոնցեպտը հետազոտության հարցաթերթում ներկայացնող հարցի կոդերը։

[3] ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը (Common Security and Defense Policy, CSDP) այն փաստաթուղթն է, որի հիման վրա ԵՄ-ն վերազգային մակարդակում իրականացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը, այդ թվում՝ ԵՄ սահմաններից դուրս քաղաքացիական և ռազմական գործողությունները։

[4] Անվտանգության դիլեման այն իրավիճակն է, երբ պետության գործողությունները, որոնք նպատակաուղղված են սեփական անվտանգության մակարդակի բարձրացմանը (օրինակ՝ ռազմական ծախսերի աճ, սահմանների ամրապնդում), հարևան երկրներում ընկալվում են որպես իրենց անվտանգության սպառնալիք։ Որպես պատասխան՝ հարևան պետությունը միջոցներ է ձեռնարկում իր անվտանգության բարձրացման նպատակով։ Արդյունքում ստացվում է փակ շղթա, կամ ավելի ճիշտ՝ դրական հետադարձ կապով էսկալացիա, որը բարձրացնում է պոտենցիալ կոնֆլիկտը իրական կոնֆլիկտի վերածման ռիսկը։